կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Միքայել Մինասյանի պաշտպանությունն իրականացվելու է բոլոր միջոցներով․ Փաստաբան

Միքայել Մինասյանի պաշտպանությունն իրականացվելու է բոլոր միջոցներով․ Փաստաբան

 Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանի միջև հեռահար «փոխհրաձգության» ընթացքում փաստաբանը ակնարկել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության մասին։ InfoPort.am-ի հետ զրույցում Ամրամ Մակինյանն ասաց, որ այս փուլում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հիմքեր չկան, սակայն չբացառեց դրա հնարավորությունը։

«Միքայել Մինասանի պաշտպանությունն իրականացվելու է բոլոր միջոցներով, այդ թվոմ՝ Եվրոպական դատարան դիմելու միջոցով։ Այո, դիմելու ենք, երբ դրա ժամանակը գա», - հավելեց փաստաբանը՝ հրաժարվելով թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանելուց։

Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում նոր բացահայտումներ էր արել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մասին։

Նա մասնավորապես գրել էր.

«Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ), մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

  • Կիսվել: