Մեր իշխանությունները շողուլից ընկել են․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չպետք է կնքվի. Լեւոն Հայրյան
Արցախ վերադառնալը մեզ համար ինքնանպատակ չի. հիմնական նպատակը Հայաստանի ապագան է. Առանց Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման որեւէ հայ եթե խոսում է Հայաստանի անկախության ու ապագայի մասին, պարզ ստախոս է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, Հանրապետության հրապարակում տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուր Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:
«Ինչ-որ իր քաղաքական շահերի համար ժողովրդի գլուխը արդուկում է: Մեզ փախստականի կարգավիճակը պետք է նրա համար, որ ստանանք միջազգային փախստականի կարգավիճակ եւ միջազգային հանրությունն ասի՝ ինչի՞ց է առաջացել այս փախստականը, առաջացել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատճառով, ուրեմն բուժելու համար պետք է գնանք պատճառի հետեւից»,-ասաց նա:
Հայրյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ից իրենց խոստացել էին, որ հանդիպում կկազմակերպեն. «Մեք ԱԳՆ-ից ուզում ենք իմանալ, թե ով ենք մենք՝ փախստական ենք, գաղթական ենք, հայաստանցի ենք, մեզ որեւէ մեկը չի ասում՝ մենք ով ենք: Եթե մեզ հարցի պատասխանը չբավարարի, մենք տալու ենք երկրորդ հարցը՝ այդ դեպքում ով եք դուք»:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագիր կնքելուն, նա ասաց. «Արցախի ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը մի լավ խոսք ուներ: Երբ մեկի մասին խոսում էր, ասում էր՝ շողուլից ընկել է: Հիմա մենք Հայաստանում ունենք շողուլից ընկած իշխանություն, ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, ինչ խաղաղության պայմանագիր է կնքում: Եթե դու պատերազմ չես հայտարարել Ադրբեջանին, Ադրբեջանն էլ քեզ չի հայտարարել պատերազմ, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը: Այդ պայմանագիրը չպետք է կնքվի, որովհետեւ դա պայմանագիր չէ, դա նույն կապիտուլյացիայի շարունակությունն է»:
Ինչ վերաբերում է «Շուշիի հռչակագրին», Լեւոն Հայրյանն ասաց. «Ես այդ հռչակագրի մասին չեմ ուզում լսել: Մենք պետք է հայտարարենք, որ «Շուշիի հռչակագիրը» գոյություն չունի եւ չպետք է ունենա մեզ համար: Նույնը պետք է հայտարարենք նոյեմբերի 9-ի թղթի մասին: Կարեւոր չէ՝ ով է ստորագրել»:
Նշենք, որ Արցախից տեղահանված բնակիչներն այսօր՝ փետրվարի 18-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են իրենց վերջապես փախստականի կարգավիճակ տալ, քանի որ այլևս այլ ելք չեն տեսնում։
Արցախցիները բողոքում են ՀՀ կառավարության օրեր առաջ կայացրած որոշման դեմ, որով նախատեսվում էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին Հայաստանից պետական աջակցություն տալ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելու կամ մասնավոր բնակելի շենք կառուցելու համար, քանի որ վարկը տալիս են 12 տոկոսով, այն էլ առանձին շրջանների բնակիչների: