հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարդինում մնացած միակ քրիստոնյա հայը Սուրբ Հարության տոնին հնչեցրել է տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու զանգերը

Մարդինում մնացած միակ քրիստոնյա հայը Սուրբ Հարության տոնին հնչեցրել է տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու զանգերը

Մարդինի Դերիք գավառում ապրող միակ քրիստոնյա հայը՝ Զաքարիա Սաբունջուն (64 տարեկան), ստիպված է եղել Սուրբ Հարության տոնը իր մահմեդական հարևանների հետ նշել։ Զատիկի տոնի կապակցությամբ Սաբունջուն հնչեցրել է 317-ամյա պատմություն ունեցող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու զանգերը։ Սաբունջուն նաև մոմ է վառել այստեղ, աղոթք արել և միայնակ նշել Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաղավար տոներից մեկը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է «Հաբերթյուրք» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Դերիք գավառում ծնված Զաքարիա Սաբունջուն մոտ 40 տարի առաջ Ստամբուլ էր տեղափոխվել, սակայն Մարդինի այս միակ քրիստոնյա հայը 8 տարի առաջ վերադարձել է Դերիք գավառ՝ Ստամբուլում թողնելով իր ընտանիքը։

Սաբունջուն իր հայրենի գավառ վերադառնալուց հետո ամեն տարի միայնակ է Զատիկը տոնում։ Քանի որ նա գավառի միակ քրիստոնյա հայն է, յուրաքանչյուր տոնի այցելում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, հնչեցնում այստեղի զանգը, մոմ վառում ու աղոթք անում այստեղ։

Թուրքական աղբյուրը նշում է, թե Սաբունջուի հարևաններն այնուամենայնիվ տոնի ժամանակ մենակ չեն թողել նրան, այլ միացել են նրան։

Զաքարիա Սաբունջուն թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է․

«Ես Դերիքի հայերից եմ։ Համավարակի շրջանում չկարողացա Ստամբուլ գնալ՝ այս տոնը նշելու համար։ Այս տարի հիսնօրյա պահքից հետո եկեղեցի այցելեցի։ Անցյալ տարի լրիվ մենակ էի այս տոնը նշել, իսկ այս անգամ համերկրացիներս ինձ մենակ չթողեցին։ Նրանց նրբանկատությունն ինձ հուզեց։ Նրանք ինձ միացան եկեղեցում։ Միասին աղոթք արեցինք։ Իմ երախտիքն եմ հայտնում համերկրացիներիս։ Աստված բազում երջանիկ և առողջ տոներ տա»։

Զաքարիա Սաբունջուին նման օր միայնակ չթողած հարևանը՝ Նաիմե Քըզըլայը, թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է․ «Շնորհավորում եմ համայն քրիստոնյա աշխարհի Սուրբ Հարության տոնը։ Մենք այստեղ ենք գտնվում Դերիքում ապրող միակ քրիստոնյայի՝ Զաքարիա բեյի տոնը նշելու համար։ Ամբողջ ընտանիքով ցանկացանք նրան մենակ չթողնել։ Ապրում ենք մի վայրում, որտեղ կրոնական խտրականություն չկա (Թուրքիայի Հանրապետության այս քաղաքացու կարծիքը սխալ է այստեղ միշտ եղել է կրոնական խտրականություն-Ակունքի խմբ)։ Մենք էլ ուզեցինք մեր աջակցությունը ցույց տալ»։

Զաքարիա Սաբունջուի մեկ այլ մահմեդական հարևան՝ Աբդուրահման Քըզըլայը, նշել է․ «Այսօր Զատիկ է, սուրբ օր՝ մեր հայ բարեկամների համար։ Այս սուրբ օրը չցանկացանք մենակ թողնել Դերիքում մնացած միակ հային՝ Զաքարիային։ Ընտանյոք հանդերձ նրան այցի գնացինք և միասին աղոթք կարդացինք եկեղեցում»։

  • Կիսվել: