Հայ և շվեդ դատավորների փորձի փոխանակում դատավորների մասնագիտական էթիկայի և հանրային վստահության հարցերի վերաբերյալ
Բարձրագույն դատական խորհրդի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում դատավորների համար կազմակերպվել էր էթիկայի և վարքագծի կանոններին առնչվող սեմինար-քննարկում։
Ողջունելով մասնակիցներին՝ ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանն ու Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչ, իրավախորհրդատու Ալիսիա Մոսմանը մաղթել են արդյունավետ քննարկում՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորություն են ընձեռում ծանոթանալ դատավորների կարծիքներին և առավել արդյունավետ դարձնել հետագա հանդիպումները։
Քննարկմանը մասնակցող շվեդ փորձագետ դատավորները հայ գործընկերներին են ներկայացրել մասնագիտական էթիկային առնչվող իրենց փորձը՝ քննարկման ներկայացնելով իրավիճակային տարբեր խնդիրներ։
Հայ դատավորները խոսել են հանրային վստահությանը միտված քայլերին և դատավորի կերպարի ընկալմանն առնչվող հարցերից։
Մտքեր են փոխանակվել նաև արդարադատության համակարգում դատավորի դերի ամրապնդման, կարգապահական վարույթների, լրատվամիջոցների հետ աշխատանքի շուրջ։