Պատգամավորը զբաղվել է «հարվածային խմբերում» անձանց ընդգրկմամբ. գլխավոր դատախազը նրա վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Միջնորդագրի համաձայն՝ «ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով («Սրբազան շարժման» մասնակից-խմբ․) Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունը ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»։
Նշված հանցավոր արարաքների իրագործումը հանցավոր խմբի անդամները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը, 2025 թվականի հունվարից սկսած շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», տրանսպորտային միջոցների ապակիների և ճանապարհներին լցնելու նպատակով՝ ներկեր և յուղեր, այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողություններ․․․․ Այսինքն, Արթուր Սարգսյանին վերագրվում են ՀՀ ՔՊ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով, 43-419-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրապարակել էինք գլխավոր դատախազի միջնորդագիրըՙ որտեղ մանրամասն նշված են Գալստանյանի և հանցավոր խմբի մյուս անդամների երկխոսությունները։
Նշենք, որ նախորդ տարի օգստոսին, դատելով ԱԺ կայքում հրապարակված փաստաթղթից, Գալստանյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը: