Պուտինը Թրամփին շնորհավորել է նրա գլխավորած օրինագծի հաջող ընդունման կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Սենատում իր գլխավորած օրինագծի հաջող ընդունման կապակցությամբ, հայտնել է Պուտինի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ուշակովը, մասնավորապես, նշել է. «Նախագահ Թրամփը սկսեց նրանից, որ Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց ԱՄՆ Կոնգրեսում հարկային, ներգաղթի և էներգետիկ բարեփոխումների վերաբերյալ վարչակազմի առաջատար օրինագծի հաջող ընդունման մասին: Ինքը՝ Թրամփը, այս օրինագիծն անվանում է «Մեծ, գեղեցիկ օրինագիծ»:
Ըստ նրա՝ Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է ամերիկացի նախագահին ինչպես այս օրենսդրական հաղթանակի, այնպես էլ ԱՄՆ Անկախության՝ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունված հռչակագրի ստորագրման 249-ամյակի կապակցությամբ:
Հուլիսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատել է Թրամփի վարչակազմի 3,3 տրիլիոն դոլարի «Մեկ մեծ գեղեցիկ օրինագիծ» ակտը։ Փաստաթուղթը նախատեսում է լայնածավալ բարեփոխումներ հարկային, միգրացիոն և էներգետիկ ոլորտներում և նախագահի երկրորդ ժամկետի հիմնական նվաճումներից մեկն է։ Այժմ այն Ներկայացուցիչների պալատում է, որտեղ բուռն քննարկումներ է առաջացրել։