ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիտվայի Սեյմասի պատգամավորը մեկնաբանել է իրադարձությունները հայ- ադրբեջանական սահմանին

Լիտվայի Սեյմասի պատգամավորը մեկնաբանել է իրադարձությունները հայ- ադրբեջանական սահմանին

 Լիտվայի Սեյմասի պատգամավոր, իշխող ֆերմերների և կանաչների միության անդամ, Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալգիմանտաս Դումբրավան ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ մեկնաբանությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ալգիմանտաս Դումբրավայի մեկնաբանությունը․

«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ` անհանգստությամբ եմ հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին:

2019 թվականի հոկտեմբերին, որպես Սեյմասի պաշտոնական պատվիրակության անդամ, այցելեցի Հայաստանի Հանրապետություն։ Հաստատակամորեն կարող եմ պնդել, որ հայ ժողովուրդը չի մոռացել Լիտվայի հաճելի ժեստը, երբ վերջինս առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այցելության ընթացքում մենք անընդհատ լսում էինք Լիտվային ուղղված երախտագիտության և հիացմունքի խոսքեր: Վերջերս մենք նշեցինք մեր համագործակցության 25-ամյակը:

Ես հավատում եմ, որ նույնիսկ Հարավային Կովկասի երկրների համար այս տագնապալի ժամանակահատվածում Լիտվան մի կողմ չի կանգնի և կփնտրի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Առաջին հերթին դրան բանակցությունների սեղանի շուրջ պետք է հասնեն հակամարտության կողմերը։ Ես հասկանում եմ, որ սա հեշտ գործ չէ, բայց դա դրական արդյունքի նախապայման է: Կողմերին պետք է աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հիշեցնեմ, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Արևելյան գործընկերության անդամներ են, որին ակտիվորեն աջակցում է Լիտվան։ Ես հավատում եմ, որ բոլորս պետք է համախմբվենք և օգնենք խաղաղ ճանապարհով լուծելու երկու երկրների միջև տարիներ ձգվող հակամարտությունը` հանուն իրենց երեխաների խաղաղ և երջանիկ ապագայի»։

  • Կիսվել: