երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը

Այսօր Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի համանախագահությամբ կայացավ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվեց Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի հետ մեկտեղ։

Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համատեքստում՝ կենտրոնանալով տնտեսական, էներգետիկ դիմակայունության և ԵՄ-ի բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող առանցքային բարեփոխումներին, որպես Հայաստանի 2024–2027 թվականների Դիմակայունության և աճի պլանի հիմնական հենասյուներից մեկը։

Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, Հայաստանը և Եվրոպական միությունը գնահատեցին բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի ներքո իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Կողմերը քննարկեցին 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։

Մասնակիցներն ընդգծեցին բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձան մոնիտորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։

Հայաստանը և ԵՄ-ն նաև քննարկեցին տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։

Հայաստանը և Եվրոպական Միությունը վերահաստատեցին բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ։

  • Կիսվել: