չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի ու Հագվի գյուղերի բնակիչների վիճաբանություն ավարտվել է սպանությամբ

Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի ու Հագվի գյուղերի բնակիչների վիճաբանություն ավարտվել է սպանությամբ

Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ օգոստոսի 15-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել, ինչից հետո 54-ամյա տղամարդը իր «ՈՒԱԶ»-ով գնացել է Հագվի, տնից վերցրել երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ 2 անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Պարզվել է նաեւ, որ դեպքից անմիջապես հետո տուժածի հարազատները հանդամասում ծեծի են ենթարկել Հագվի գյուղի 54-ամյա բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը Կաճաճկուտ-Աքորի ճանապարհին, հանցագործության գործիք հրացանով հանդերձ, հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: