հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կյանք առանց ցավի. քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները Հայաստանում

Կյանք առանց ցավի. քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները Հայաստանում

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը:
 
Խնդիրների արձանագրման և լուծման ուղղություններ գտնելու համար այսօր առողջապահության նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցել են ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը, առողջության առաջնային պահպանման օղակի պատասխանատուներ և փորձագետներ:
 
Ողջունելով մասնակիցներին` առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը կարևորել է «Կյանք առանց ցավի» հանրային արշավի դերը` ոլորտում առկա բացերի վերհանման, բնակչության համար պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը բարձրացնելու գործում:
 
Փորձագետները նշել են, որ առողջապահության նախարարությունն ընդունել է բժշկական և իրավական բնույթի բոլոր այն հիմքերը, որոնք անհրաժեշտ են ամբողջովին և արդյունավետ կերպով ցավազրկում ապահովելու համար, սակայն, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում բուժհաստատությունները ծանր հիվանդություններ ունեցող պացիենտներին չեն տրամադրում համապատասխան տեսակի, չափի ու քանակի ցավազրկողներ, ինչը չի ապահովում անձի` ցավից զերծ մնալու իրավունքի պատշաճ կիրառումը: Միաժամանակ, ընդունված օրենսդրական կարգերն ու կլինինիկական ուղեցույցները համապատասխանեցված են ԱՀԿ-ի կողմից ընդունված միջազգային չափորոշիչներին, և եթե դրանով առաջնորդվեն բուժող բժիշկները, խնդիրները կլուծվեն:
 
Բուժհաստատությունների ներկայացուցիչները հնչեցրել են իրենց հարցերը, ներկայացրել առաջարկներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցավազրկողների` ըստ կարիքի նշանակման, բուժող բժիշկների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար հանդիպումներ կանցկացվեն Երևանի և մարզային բուժհիմնարկների ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: