Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը
Սեպտեմբերի 14-ից 28-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։
Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել գեղարվեստական հանդիպումների, երկխոսության և ստեղծագործական փոխանակումների հարթակ՝ միավորելով հայ արվեստագետներին և ֆրանկոֆոն աշխարհի ստեղծագործողներին։
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացմամբ, որը տողի կունենա
սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին,
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Ֆոլիա» ներկայացումը հիփ-հոփ պարի և բարոկո երաժշտության տպավորիչ հանդիպում է։ «Լը Կոնսեր դը լ’Օտել Դյո» համույթի երաժիշտների հետ պարողները բացահայտում են իտալական տարանտելաների և ֆոլիաների ժողովրդական ռիթմերը, որոնք միահյուսվում են էլեկտրոնային հնչյուններին։
Բեմում ազատորեն հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններ և գեղարվեստական լեզուներ։ Հիփ-հոփը երկխոսում է ժամանակակից ու դասական, ինչպես նաև պտտվող դերվիշների պարերի հետ, իսկ երաժիշտներն ու սոպրանոն դառնում են խորեոգրաֆիայի լիարժեք մասնակիցներ։
Գեղարվեստական ձևերի բազմազանությամբ «Ֆոլիան» հրավիրում է հաղթահարելու սահմաններն ու կարծրատիպերը։ Կատարողների վարպետության և երաժշտության հմայող ուժի շնորհիվ ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է տեսողական, զգայական և գունեղ աշխարհ։
Մուրադ Մերզուկին հայ հանդիսատեսին հայտնի է Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, «Քոչար 360» պերֆորմանսով և անցյալ տարի «Թէատրոն» կատարողական արվեստենրի միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակներում Երևանում ցուցադրված «Պիկսել» ներկայացմամբ:
Տևողությունը՝ 1 ժամ
Տոմսերը վաճառվում են tomsarkgh.am կայքում։
Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է «Théâtrons »-ի ինստագրամյան էջում:





