հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները, իսկ Toyota-ի գազաբալոնից ուժեղ արտահոսք է տեղի ունեցել, ինչի համար էլ փրկարարները հերթապահել են՝ մինչև գազի բալոնի պարպվելը:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Հարություն Թորոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, որի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները:

  • Կիսվել: