երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խանջյանի վրա 3 շաբաթ առաջ գծանշում են արել, հիմա չկա այդ գծանշումը, ցնդում է․ քաղաքապետն այդտեղ միտում է տեսնում

Խանջյանի վրա 3 շաբաթ առաջ գծանշում են արել, հիմա չկա այդ գծանշումը, ցնդում է․ քաղաքապետն այդտեղ միտում է տեսնում

Գծանշման աշխատանքները շարունակվում են, մինչեւ շաբաթվա վերջ առաջին փուլը կվերջացնենք: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ առաջին փուլը որն է, երեւի էն ցնդող գրիչներից է, գծում ես, ինչ-որ ժամանակ հետո գծածը չկա: Էդ խնդիրը կա, լաբորատորիան փորձաքննության տարե՞լ է: 7 օր անցել է, 7 օրվա մեջ ի՞նչ ենք արել:

Խանջյանի վրա երեք շաբաթ առաջ գծանշում ենք արել, հիմա գծանշում չկա: Ես այստեղ միտում եմ տեսնում, անցած տարի նույն կազմակերպությունը գծանշում է արել Երեւանում: Հիմա չգիտեմ ինչ նոր մեթոդներ է կիրառում, նոր ա ներկը: Եթե այսպես շարունակվի, ես չեմ ուզում, որ համայնքն իր ենթակայության տակ կազմակերպություն ունենա ու զբաղվի այդ գծանշումներով: Մրցույթ կհայտարարենք, ներկերը կառնենք, ինքներս կներկենք, իրենք էլ կգնան իրենց տուն: Էնպես չի, որ քիչ գումար ենք վճարել: Իրենց կատարողական ակտերն էլ չեն ստորագրվել: Կսպասենք փորձաքննության արդյունքներին»:

Քաղաքապետը տրնսպորտի վարչության պետի պաշտոնակատարին հանձնարարեց այս շաբաթ ուրիշ ոչ մի բանով չզբաղվել, միայն գծանշումներով. «Ամոթ է, ամպագոռգոռ խոսեցինք, հեսա տեսեք, ինչ գծանշում ենք անում, ու հիմա այսպես է լինում»:

  • Կիսվել: