շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է, թե ում առաջարկով է Նիկոլ Փաշինյանը Հրաչյա Սարգսյանին նշանակել ՊՆ նախարարի տեղակալ

Հայտնի է, թե ում առաջարկով է Նիկոլ Փաշինյանը Հրաչյա Սարգսյանին նշանակել ՊՆ նախարարի տեղակալ

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել փոխնախարար: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, այնուհետև վարչապետի խորհրդական, և այժմ էլ ՊՆ նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրեն նշանակել են, որ Սուրեն Պապիկյանին վերահսկի:

Հարցին, թե ինքը ի՞նչ կապ ունի պաշտպանության հետ, որ այդպիսի նշանակում է արել Փաշինյանը, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, որով որ զբաղվում են և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Բանակում ունենք նաւև քաղծառայողներ, զինվորականներ. բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել»:

Անդրադառնալով իր՝ անհասկանալի նշանակումներին, Սարգսյանն արձագանքեց. «Անհասկանալի չէ, այն կարողություններն ունեմ, կարծում եմ՝ վարչապետը գնահատել է և հարմար է գտել»:

Հարցին՝ ի՞նչ ոլորտ է ինքը կառավարում, փոխնախարարն ասաց. «Թույլ տվեք այս պահին այդ հարցին չպատասխանել, հետո կանդրադառնամ»:

Հարցին՝ արդյո՞ք աշխատանքը խորթ չէ, Սարգսյանն ասաց. «Աշխատանքն ընդհանրապես խորթ չի: Կառավարման գործառույթներ կան, որոնք պետք է համակարգվեն, որպեսզի վերջնական արդյունք ունենանք»:

Հարցին, թե, իր պատկերացմամբ, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը 2 տարի անց, ՊՆ փոխնախարարը ասաց, որ պետք է բարձրացնեն բանակի մարտունակությունը.

«Այն պրոցեսները, որ բանակի կառավարում է տեղի ունենում, պետք է այդ պրոցեսների արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»:

Հարցին, թե սահմանին այս պահին իրավիճակը ինչպե՞ս է, ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «1 շաբաթ է՝ ինչ աշխատանքի եմ, կարծում եմ՝ հետագայում ձեր հարցերին կպատասխանեմ»:

  • Կիսվել: