շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրաչյա Սարգսյանն առաջին անգամ խոսեց ՊՆ նախարարի տեղակալ նշանակվելու մասին

Հրաչյա Սարգսյանն առաջին անգամ խոսեց ՊՆ նախարարի տեղակալ նշանակվելու մասին

Համաձայն ՀՀ օրենսդրության` պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ զինվորական լինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության նորանշանակ փոխնախարար, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
 
«Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք անում ենք մեր աշխատանքը։ Ունենք զինուժ, ունենք գլխավոր շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են այն գործառույթներով, որով որ զբաղվում են, համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում մեր բանակում»,– ասաց Սարգսյանը։
Թե պաշտպանության նախարարությունում կոնկրետ որ ոլորտն է ինքը համակարգելու, առայժմ փոխնախարարը ցանկացավ չնշել։ Շեշտեց` աշխատանքը բացարձակ խորթ չէ իր համար, քանի որ կառավարման հմտություններ է պահանջում։
Թե ինչ խնդիրներով, գործընթացներով է հիմա զբաղվում, ևս չցանկացավ նշել` շեշտելով` պետք չէ խոսել այն մասին, որը կարող է մեր հակառակորդի համար արժեքավոր տեղեկատվություն պարունակել։
«Մենք պետք է մեր մարտունակությունն ու գործընթացների արդյունավետությունը բարձրացնենք, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»,– ասաց պաշտպանության նախարարի տեղակալը։

  • Կիսվել: