ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարմիր խաչի ներկայացուցիչները Ախալքալաքում են

Կարմիր խաչի ներկայացուցիչները Ախալքալաքում են

Ամսի 25-ին Կարմիր խաչի Վրաստանի ներկայացուցչությունը տեղեկատվական հանդիպում ունեցավ Ախալքալաքի երիտասարդների հետ, խոսելով պատվաստումների, դրանց կարևորության և Ջավախքում ցածր ցուցանիշների մասին, գրում է jnews.ge-ն:

Վրաստանում Կարմիր խաչի հասարակության մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Նինո Սամադալաշվիլին նշում է, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են հասարակության համար, քանի որ ամբողջ երկրի մասշտաբով Ջավախքում արձանագրվում է պատվաստման փոքր ցուցանիշ, և դա ոչ միայն շրջանի, այլ բոլորի խնդիրն է:

«Մենք Սամցխե-Ջավախեթիում ունեինք մասնաճյուղ միայն Ախալցիխեում, իսկ հիմա համագործակցում ենք նաև Բորջոմիի և Ախալքալաքի հետ, և ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցության արդյունքում կկարողանանք իրագործել տարբեր ծրագրեր ի օգուտ շրջանի զարգացմանը և դա, իհարկե, ակտիվ կամավորների օգնությամբ»:

Նինո Սամադալաշվիլին նշում է նաև, որ տեղեկատվական բոլոր նյութերը թարգմանվում են էթնիկ փոքրամասնություններին հասանելի լեզուներով, այդպիսով բարձրացնելով նրանց տեղեկացված լինելու հնարավորությունը և խթան հանդիսացնելու նրանց ինտեգրման պրոցեսին:

Կարմիր խաչում գործում են տարբեր կոմիտետներ, իսկ կոնկրետ այս ծրագիրը նախագծվել է պատվաստումների մասին նախագծի կոորդինատոր Անա Լոմթաթիձեի կողմից: Նա նշում է, որ թիրախային խումբ ընտրվել են այն տարածաշրջանները, որտեղ համեմատաբար պատվաստումների մակարդակը ավելի ցածր է:

«ես կարծում եմ, որ այդ ցածր ցուցանիշը կապված է տարբեր գործոնների հետ, դրանցից է լեզվի ոչ բավարար իմացությունը, ապատեղեկատվության առկայությունը, կրոնական կամ ազգային բարիերները և այլն: Շատ կարևոր եմ համարում երիտասարդների մասնակցությունը նման ծրագրերում, որոնց շրջանակներում նրանք կարող են տեղեկացվել և տարածել ճիշտ տեղեկություն իրենց շրջապատում»:

Հարկ է նշել, որ այս օրերին Ջավախքում իրականացվում են պատվաստման մասին մի շարք ծրագրեր և նախագծեր: Դրանց արդյունքը ակնհայտ կդառնա մի փոքր ավելի ուշ:

  • Կիսվել: