ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ կապ չունի. Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը նշեց, որ վերջին շրջանում, հատկապես Բիշքեկից հետո, ԵԱՏՄ-Հայաստան հարաբերությունները կարծես աշխարհաքաղաքական դիլեմայի տեսք են ստանում։ Նրա խոսքով՝ իրավիճակը հիմնականում կապվում է Եվրամիության և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած օրենքի հետ։
Ասլանյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի կողմից ստեղծված իրավիճակից առաջին հերթին կարող է տուժել Հայաստանի տնտեսությունը։
«Կարող է մեր տնտեսությունը այն աստիճանի տուժի, որ, ասենք, դիվերսիֆիկացիայի փոխարեն մենք ունենանք զրոյական արդյունք»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ստեղծված իրավիճակն ընդհանրապես կապ չունի Եվրամիության հետ։
«Իրականում մենք պետք է շատ ուղիղ և անկեղծ ասենք, որ այդ իրավիճակը, որը մենք քննարկում ենք, ընդհանրապես կապ չունի Եվրամիության հետ։ Ընդհանրապես կապ չունի։ Ինչի՞ հետ կապ ունի։ Կապ ունի 2022 թվականի սեպտեմբերի, դրանից առաջվա և դրանից հետոյի իրադարձությունների հետ»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին ակնհայտ դարձավ, որ Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգը չի արձագանքում իր իրավական պարտավորություններին։
«Երբ որ 2022 թվականի սեպտեմբերին ակնհայտ դարձավ, որ մեր անվտանգության երաշխիքների համակարգը ընդհանրապես որևէ ձևով չի արձագանքում իր իրավական պարտադիր, դե յուրե պարտավորություններին, և դրանից հետո տեղի ունեցան 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծեց, որ Եվրամիությանը Հայաստանն ինքն է ներգրավել այս գործընթացում՝ իր քաղաքականությունները հավասարակշռելու և պետականությունն ու տնտեսությունը պաշտպանելու նպատակով։
«Եվրամիությանը այստեղ պետք չէ խառնել, որովհետև Եվրամիությանը մենք ենք բերել թեմայի մեջ՝ հասկանալով, որ եթե մենք մեր քաղաքականությունները չբալանսավորենք, մենք մեր պետականությունն էլ, տնտեսությունն էլ կկորցնենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի առջև առկա սպառնալիքները նոր չեն, և դրանց հետևանքներն արդեն դրսևորվել են։
«Այդ սպառնալիքները ոչ թե նոր պիտի գան, դրանք 2022 թվին, էլ չեմ ասում՝ 2020-ին, 2021-ին, եկել են արդեն։ Մենք դա տեսել ենք։ Եվ այս ամեն ինչը արձագանք է դրան, որպեսզի դա չկրկնվի»,- նշեց վարչապետը։
Անդրադառնալով պատգամավորի մտավախությանը, թե Հայաստանի գործողությունները կարող են հանգեցնել «զրոյական կետի»՝ Փաշինյանը հակադարձեց, որ այդ կետն արդեն տեղի է ունեցել։
«Այդ զրոյական կետը արդեն տեղի է ունեցել, պատահել է։ Հիմա Ձեր մտավախությունն այն է, որ մենք մեր գործողություններով կարող է սադրենք այդ զրոյական կետը։ Ես ասում եմ՝ այդ զրոյական կետը արդեն տեղի է ունեցել։ Մեր գործողությունները արձագանք են այդ զրոյական կետին»,- ասաց նա։
Վարչապետը «զրոյական կետի» դրսևորումները կապեց 2020, 2021 և 2022 թվականների իրադարձությունների հետ, իսկ դրա նախադրյալները, նրա խոսքով, ավելի վաղ են ձևավորվել։
«Եթե ավելի անկեղծ ասեմ՝ այդ զրոյական կետի արտահայտությունը դե ֆակտո սկսել է 2015 թվականի նոյեմբերին, դե յուրե սկսել է 2016 թվականի հունվարին, երբ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի առաջարկներն են դրվել սեղանի վրա, որը մամուլում և այլն քննարկվում էր որպես Լավրովի պլան։ Դրանից հետո տեղի է ունեցել քառօրյա պատերազմը և այլն, և էդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե միայն վերջին իրադարձությունների, այլ երկարաժամկետ գործընթացի համատեքստում։
«Այսօրվա իրադարձությունը պետք չի մենակ այսօրվա կամ նախորդ շաբաթվա տրամաբանությամբ դիտել։ Սա երկար պրոցես է, և մենք այդ երկար պրոցեսը դեպի ո՞ւր ենք տանում։ Տանում ենք դեպի մեր ինքնիշխանության, անկախության, պետականության ամրապնդում, որը հեշտ ճանապարհ չի, բայց որը պետք է անցնել»,- եզրափակեց Փաշինյանը։



