Արևմուտքը Հայաստանին «ոսկե սարեր» է խոստանում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. Կալուգին
Արևմուտքը, ձգտելով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, պատրաստ է Հայաստանին խոստանալ խոշոր բեռնահոսքեր և ներդրումներ երկաթուղային ենթակառուցվածքում: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հետապնդելով մեր երկիրը տարածաշրջանից դուրս մղելու աշխարհաքաղաքական նպատակներ՝ նրանք պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ՝ լայնածավալ բեռնահոսքեր, ներդրումներ երկաթուղային գծերի կառուցման և վերականգնման մեջ»:
Ըստ Կալուգինի՝ հենց արևմտյան զրուցակիցները կարող են հայկական ղեկավարությանը Ռուսաստանի հետ համագործակցության «թունավորության» մասին փաստարկներ հուշել։ Նա հայտարարել է նաև, որ Երևանին փաստացի դրդում են միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ տնտեսական աջակցության խոստումների դիմաց։
Դիվանագետի պնդմամբ՝ պատժամիջոցային քաղաքականությունն արդեն զգալի վնաս է հասցրել այն երկրներին, որոնք այն վարել են, առաջին հերթին՝ Եվրամիության պետություններին։ Նա նշել է, որ այժմ Եվրոպայում նկատվում է պատժամիջոցների նկատմամբ հասարակական տրամադրությունների փոփոխություն, ինչը, դիվանագետի կարծիքով, արտացոլվում է ԵՄ առաջատար երկրների ներքաղաքական գործընթացներում։
Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների հեռանկարները գնահատելիս անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել աշխարհագրությունն ու տնտեսությունը։ Կալուգինի կարծիքով՝ հենց այդ գործոններն են երկարաժամկետ հեռանկարում որոշելու տարածաշրջանային երթուղիների զարգացումը, այլ ոչ թե քաղաքական որոշումները։
«Բեռնառաքողների համար վճռորոշ նշանակություն ունեն այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են արժեքը, ժամկետները, թողունակությունը, լրացուցիչ մաքսային ընթացակարգերի առկայությունը, որոնք ազդում են ժամանակացույցի կանխատեսելիության վրա»,-ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը և հավելել, որ տնտեսական նպատակահարմարությունը որոշիչ նշանակություն կունենա տրանսպորտային երթուղիների ընտրության համար՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է։ 2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը հանձնել է ընկերությանը 30 տարվա կոնցեսիոն կառավարման՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։


