Հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ
Եմենի հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը, տեղեկացնում է Al Jazeera-ն՝ նշելով, որշ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:
Al Jazeera գործակալությունը, հղում անելով հութիներին մոտ կանգնած աղբյուրների, նշել է, որ Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը:
Իր հերթին AFP գործակալությունը գրել է, որ ականատեսները հայտնել են, որ հութիների ուժերը գրավել են նաև Կարմիր ծովի հարավում գտնվող Զուքար կղզին:
Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է Եմենի հարավում գործող միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիների հարվածներից օրերս թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին:
Անցյալ շաբաթվանից մինչև օրս, ըստ AFP-ի հաշվարկների, Եմենում մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, 20 000 մարդ տեղահանվել է:
Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի հիմքում ընկած է հավաքական պաշտպանության սկզբունքը:



