չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Փաշինյանը՝ Քոչարյանին

Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Փաշինյանը՝ Քոչարյանին

Խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցերին։
 
Պատգամավորը հայտարարել է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների պատճառով խախտվում է անմեղության կանխավարկածը, անդրադարձել է իր հոր գործին։
 
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատգամավորը խորհրդարանում բարձրացնում է անձնական ու ընտանեկան հարցեր․ «Առնվազն արդեն որերորդ հարցն է՝ դուք ձեզ հետ կապված հարց եք բարձրացնում, դա առնվազն այնտեղ դուք շահերի բախում ունեք... Դուք, շահերի բախում ունենալով, գալիս եք, անընդհատ ձեր ընտանեկան հարցերը այստեղ բարձրացնում եք և երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր»։
 
Վարչապետը հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործերում առկա են մանրամասն թվարկված գույքեր, որոնց հետ կապված առաջադրված են մեղադրանքներ։ Լևոն Քոչարյանն իր արձագանքում պնդել է, որ իշխանությունն ինքն է անընդհատ քննարկման առարկա դարձնում Ռոբերտ Քոչարյանի հարցը․ «Հորս հետ կապված մնացած հարցերը դուք ինքներդ եք բարձրաձայնել անընդհատ, այսինքն՝ երբ որ կա մեղադրանք, այն էլ սուտ, իմիջիայլոց, այսօր էլ ձեր կողմից հերթական սուտն է էլի»։
 
Եզրափակելով մտքերի փոխանակությունը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հարցը գտնվում է իրավական տիրույթում։
 
«Քանի որ դուք ձեր եղբոր և ձեր հոր հարցն եք քննարկում, ձեր եղբոր և հոր հարցը իմ հարցը չի, գնացեք ուրիշ տեղ քննարկեք։ Այստեղ քննարկվում են բոլորովին ուրիշ հարցեր, իսկ ձեր եղբոր և հոր հարցերը իրավապահների տիրույթում են»,- եզրափակել է վարչապետը։
 

  • Կիսվել: