չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական համակարգի անկախությանը և դատավորների նշանակմանը։
 
Վարչապետը պարզաբանել է, որ իշխանությունը նպատակ ունի իրականացնել բարեվարքության խորը ստուգում և բացառել «մաֆիոզ կապերով» որոշումներ կայացնելը: Փաշինյանի խոսքով՝ դատական համակարգը անկախ է Կառավարությունից և Ազգային ժողովից, սակայն խնդիրը ժողովրդի հետ օրգանական կապի բացակայությունն է:
 
«Ես դատավորի թեկնածու չեմ ունեցել, և հենց դատական համակարգի անկախությունը, անկախության տրամաբանությունը հարգելով է, որ դա տեղի է ունեցել։ Ես ինչո՞ւ եմ ասում՝ դատական համակարգը կաստայացված է, այսինքն՝ կաստայացված ինքն իրեն անընդհատ վերարտադրում է, և ինչքան վերարտադրում է, այնքան դատական համակարգի կապը իշխանության հիմնական աղբյուրի՝ ժողովրդի հետ կտրվում է»,-ասել է նա:
 
Փաշինյանն ընդգծել է, որ դատական համակարգի և ժողովրդի միջև առկա խնդիրը լուծելու համար Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունում:
 

  • Կիսվել: