Վան Գոգի կտավի ժառանգները պահանջում են այն հանել Sotheby’s-ի աճուրդից
Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակենին» կտավի նախկին սեփականատիրոջ ժառանգները պահանջում են, որ Sotheby’s աճուրդի տունը հանի այն վաճառքի ցուցակից՝ պնդելով, որ նկարը կարող էր վաճառվել նացիստական Գերմանիայի ճնշման ներքո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ կտավի արժեքը գնահատվում է շուրջ 180 միլիոն դոլար, և այն կարող է դառնալ նկարչի ամենաթանկ վաճառված ստեղծագործությունը։ Սակայն նկարի ենթադրյալ ժառանգները պնդում են, որ այն հնարավոր է վաճառվել է ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնք առաջացել էին նացիստական Գերմանիայի գործողությունների հետևանքով։
Ժառանգների փաստաբանները դիմել են Sotheby’s-ին՝ պահանջելով հաստատել, որ 1936 թվականին նկարը վաճառվել է շուկայական գնով։ Հակառակ դեպքում, նրանց խոսքով, «աճուրդը չի կարող կայանալ»։
Ավելի վաղ Sotheby’s-ը հայտարարել էր, որ նոյեմբերի 18-ին Նյու Յորքում աճուրդի է հանելու հայտնի նկարիչների 12 կտավ։ Դրանց թվում են Ալֆրեդ Սիսլեյի, Վինսենտ վան Գոգի, Կամիլ Պիսարոյի, Կլոդ Մոնեի, Պիեռ Օգյուստ Ռենուարի, Էդգար Դեգայի և այլ հեղինակների աշխատանքներ։
Աճուրդի մասնակից ստեղծագործությունների թվում են նաև Վան Գոգի «Ծաղկած շագանակենին» և Ռենուարի «Կանոյում» կտավը, որը հայտնի է նաև «Աղջիկը նավակում» անվամբ։
Sotheby’s-ը Ռենուարի կտավը գնահատել է 25-30 միլիոն դոլար։ Վան Գոգի նկարի արժեքը, սակայն, ներկայացվում է միայն հարցման դեպքում։



