երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին եվրոպական երկրների մասնակցության մտադրությունը։

Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում՝ նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։

«Այսօր երեկոյան Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Եվրոպան ակտիվորեն կներգրավվի այս գործընթացում՝ «Ե5+ԵՄ» ձևաչափով»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

 

Նա նշել է, որ միևնույն ժամանակ Եվրոպան Ուկրաինային առավելագույն աջակցություն կցուցաբերի և առավելագույն ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։ Ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ շարունակական ջանքերի համար։

Կողմերը քննարկել են նաև ԵՄ ընդլայնման հարցը՝ ընդլայնման հարցերով եվրոպական ֆորումի նախաշեմին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նրանք կիսել են կարծիքը, որ «ավելի մեծ և ուժեղ միությունը կստեղծի ավելի բարեկեցիկ և անկախ Եվրոպա»։

  • Կիսվել: