ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության մոտ ցույց անող շիրակցի գերեվարվածների ծնողներին ոչ ոք չընդունեց

Կառավարության մոտ ցույց անող շիրակցի գերեվարվածների ծնողներին ոչ ոք չընդունեց

«Առավոտից կառավարության մոտ ենք, հանդիպում ենք ուզում, բայց բոլորը մերժում են, ոչ ոք չի ցանկանում պատասխան տալ մեզ: 1 տարի 7 ամիս մեր տղաները գերեվարված են… հիմա անորոշ վիճակ, մենք էլ նստած ենք»,- այսօր, կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Մուշեղ Աղրամանյանը: Նա 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ բնակավայրում գերեվարված շիրակցիներից մեկի հայրն է, գրում է aravot.am-ը։

Ցուցարարներին կառավարության աշխատակազմից փոխանցել են, որ վարչապետին տեղեկացրել են, որ գերեվարվածների ծնողները կառավարության շենքի մոտ են եւ հանդիպում են պահանջում, բայց արձագանք չի եղել:

Մուշեղ Աղրամանյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենք հանդիպում չեն ունեցել. «Ու այդպես, ամեն օր մի բան խաբելով՝ օրերն անցնում են, մեր տղաներն էլ էնտեղ գերեվարված են»: Գերեվարվածի հայրը փոխանցեց, որ այլ՝ ցածր չինի պաշտոնյաների հետ հանդիպումներ եղել են, նրանք հավաստիացնում են, որ բանակցություններ են ընթանում, տղաներին կազատեն եւ ետ կբերեն, բայց «ամեն տեղ էլ գնացել ենք, բոլորն էլ ասում են՝ վարչապետն է ամենաառաջին պատասխանատուն»: Հստակ ժամկետ, թե երբ հնարավոր կլինի գերեվարվածներին վերադարձնել, ոչ ոք չի կարողանում ասել: Թե ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում, ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ կետը, որն իր պարտավորությունն է, ծնողներին չեն տեղեկացնում:

Մուշեղ Աղրամանյանի որդին գերեվարվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, նա գտնվում է Բաքվի բանտում, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Կարմիր խաչի միջնորդությամբ ամիսը մեկ անգամ կամ 40 օրը մեկ անգամ խոսում են որդու հետ՝ շատ կարճ՝ միմյանց ողջությամբ են հետաքրքրվում: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

  • Կիսվել: