ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին

Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին

2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները  եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ. ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

 

Զեկուցողը փաստել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ կառավարության արձագանքը եղել է արագ եւ համակարգված:

 

«Մեկ ամիս առաջ Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից: Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են Հայաստանում հաստատել երկարատեւ բնակություն»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը եւ հավելել, որ աջակցության ծրագրով նախատեսված է պարտադիր պայման` շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ:

Ծրագրային աջակցությունը նախատեսված է երեք ուղղություններով` բնակարանների գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանների համար գործող հիպոտեկային վարկի մարում:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ 2023 թվականի պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերին: «Այս ծախսերի ավելացումը եւ դրանց որակական բարելավումներն ամբողջ տարվա ընթացքում եղել են Կառավարության ուշադրության կենտրոնում եւ Հայաստանի տնտեսական պոտենցիալի ավելացման հարցում ունեն մեծ նշանակություն»,- նշել է զեկուցողը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականը մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների ծավալով բավականին հաջողված տարի է եղել, ինչը նպաստել է երկրի տնտեսության տարբեր ենթակառուցվածքների, համայնքների զարգացմանը:

2023 թվականին նախարարությանը հատկացած բյուջեն բավականին մեծ է եղել` շուրջ  275 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տվել տարբեր ուղղություններով մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել եւ ապահովել 98,2 տոկոս կատարողական:

 

Գնել Սանոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած աղետին եւ վթարավերականգնողական աշխատանքներին, նշել է, որ Կառավարությունը երկու մարզի 9-ը համայնքների 39 բնակավայրերում, որտեղ ապրում են 113 հազար քաղաքացի, հայտարարել է աղետի գոտի: Նրա գնահատմամբ աղետից կրած վնասները բավականին մեծ են եղել եւ մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում աշխատանքներ իրականցնելու համար: Նախարարը տեղեկացրել է, որ ունենք 24 վնասված կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չէ, լուրջ վնասվածքներ է կրել երկաթուղին: Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին` հսկայածավալ ուժեր ներդնելու եւ աղետի դեմ պայքարելու համար:

2023 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ բյուջեի տարեկան կատարողականի վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվում է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: ԿԲ նախագահը նշել է, որ թեեւ արտաքին պահանջարկի աստիճանական նվազման հետեւանքով տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն Հայաստանում շարունակել է մնալ բարձր:  Տնտեսական աճի բարձր  տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական եւ կապիտալի ներհոսքի,  զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաեւ Հայաստանից արտահանման պահանջարկի ավելացման միտումները: 2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8.7 տոկոս:  Հաշվետու տարում Հայաստանում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, որին հիմնականում նպաստել են ԿԲ-ի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններն ու դրամի արժեւորումը: 12-ամսյա գնաճը 2023 թվականին կազմել է մինուս 1.7, որը ուղեկցվել է 12-ամսյա բնականոն աճի համանման վարքագծով եւ տարեվերջին կազմել է մինուս 0.4 տոկոս:

Զեկուցողը նշել է, որ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությունը կրել է հակացիկլիկ, զսպող բնույթ: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն աճել է եւ կազմել 23.4 տոկոս:  Բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 2 տոկոս ծրագրավորված 3.1-ի դիմաց: Պակասուրդը ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ  եզրակացությունը ձեւավորել է բյուջեի ծախսային մասի  83.86 տոկոսի կամ 2 տրիլիոն 137 մլրդ դրամի նկատմամբ 10 պետական մարմիններում իրականացրած 40 ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների  հիման վրա:

 

«2023 թվականին պետական բյուջեի կատարման վերաբերյալ  հաշվետվությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը եւ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում: Սա հնարավոր 4 կարծիքներից մեկն է»,- Հաշվեքննիչ պալատի կարծիքը ներկայացրել է կառույցի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հավելելով, որ այս արձանագրումն ամենեւին չի նշանակում, թե 2023 թվականին  պետական բյուջեի կատարման ընթացքում եւ արդյունքներով չեն արձանագրվել անհամապատասխանություններ եւ դրանք չեն հանգեցրել ֆինանսական հաշվետվությունների` վերջիններիս համար սահմանված կարգավորումներից տարբերվող գործելակերպով պատրաստման:

  • Կիսվել: