կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում անցկացվել է նաև վերապատրաստողների երկօրյա դասընթաց

Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում անցկացվել է նաև վերապատրաստողների երկօրյա դասընթաց

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի մասնակցությամբ և Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ ազդարարման համակարգի համապետական արշավի շրջանակում տեղի է ունեցել վերապատրաստողների վերապատրաստում՝ ուղղված արշավում ներգրավված պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկմանը և կարողությունների զարգացմանը:

Նախարարի խորհրդականն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին ազդարարման համակարգի արշավի շրջանակում ցուցաբերված շարունակական աջակցության համար՝ նշելով, որ համագործակցությունը մեկնարկել է արշավի պաշտոնական մեկնարկի օրվանից և ընթացքում ունեցել է բազմավեկտոր զարգացումներ:
Իրականացվող երկօրյա դասընթացի նպատակն է դյուրացնել համապարփակ քննարկումները ՔՀԿ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև, որոնք ներգրավված են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի կիրառման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և ազդարարումը խրախուսող մշակույթի զարգացման ուղղությունների շուրջ աշխատանքներում:

Միջոցառման նպատակն է նաև բարձրացնել ազդարարների պաշտպանության մեխանիզմների դերը և խթանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական մարմիններում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները՝

Խորացնել պետական ծառայողների, ՔՀԿ-ների և ՀԿ-ների ընկալումը Հայաստանում ազդարարների պաշտպանության գործող համակարգի վերաբերյալ.

Ուսումնասիրել միջազգային լավագույն պրակտիկան և առաջարկությունները ազդարարների պաշտպանության վերաբերյալ.

Քննարկել ազդարարման դեպքերի կառավարման ուղիները (ուղղորդումից մինչև քրեական հետապնդման մեխանիզմներ);

Նպաստել ուսուցման և իրազեկման բարձրացմանը` ազդարարների պաշտպանությունն ու հաշվետվողականությունը խթանելու միջոցով:

 

Ազդարարման արշավի համակարգող Լիանա Թովմասյանն ընդգծել է, որ արշավի միջոցառումների 1-ին փուլում իրազեկման միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների, և որպես այդ շրջափուլի ամփոփում՝ ընդգծել է, որ արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Նախարարի խորհրդականը տեղեկացրել է, որ հաջորդ քայլով կիրականացվեն հաղորդակցության տարբեր միջոցառումներ և վերապատրաստումներ Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երում՝ արդեն 2024 թ. սեպտեմբերից:

Այս համատեքստում մեծապես կարևորվել է վերապատրաստում-դասընթացին Եվրոպայի խորհրդի փորձագետներ Էշլի Քրիստիան Սևիջի և Արա Ղազարյանի ներգրավումը՝ միջոցառման մասնակիցներին առավել խորը և համապարփակ գիտելիքների փոխանցման տեսանկյունից:

Վերապատրաստումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: