կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հայ-հնդկական համագործակցությունը զարգանում է նաև տիեզերական ուսումնասիրությունների բնագավառում

Հայ-հնդկական համագործակցությունը զարգանում է նաև տիեզերական ուսումնասիրությունների բնագավառում

Հայաստանի և Հնդկաստանի միջև, ի թիվս այլ ոլորտների, զարգանում է համագործակցությունը նաև տիեզերական հետազոտությունների ուսումնասիրության բնագավառում:  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Skyroot Aerospace» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Պավան Չանդանան պատմեց Հայաստան կատարած այցի և համագործակցության մասին:

«Մեր ընկերությունը, ինչպես նաև Հայաստանում գործող «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, զբաղվում են փոքր ձևաչափի արբանյակների թեստային նմուշների հավաքման, ինտեգրման և փորձարկման հետ կապված աշխատանքներով: Մեր լաբորատորիան նույնպես հագեցված է այդ աշխատանքների համար անհրաժեշտ հատուկ պայմաններով։ Մենք բաց ենք համագործակցության համար: Հենց այդ նպատակով ու փոխշահավետ կապեր հաստատելու ակնկալիքով էլ նախորդ տարի մեկնեցի Հայաստան»,- ասաց Չանդանան՝ ընդգծելով, որ այցն իրեն շատ է տպավորել:

Նա տեղեկացրեց, որ հեռանկարային համագործակցությունը ձևավորվեց 2023 թվականին «Arrow» հայ-հնդկական համաժողովի ընթացքում, քանի որ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի «Skyroot Aerospace» ընկերության միջև կնքվեց համաձայնագիր, որը նախատեսում է համագործակցություն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բոլոր ուղղություններով՝ սպառողական տեխնիկայից մինչև օդատիեզերական պատկերների մշակումներ:

«Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը հայկական կողմի հետ և ցանկանում ենք ապագայում ավելի խորացնել առկա կապերը: Մենք տիեզերքը բոլորի համար բացելու առաքելություն ունենք՝ ընդլայնելով ներկայիս տեխնոլոգիական սահմանները, հետևաբար, աշխատում ենք ապագային միտված տեսլականով, որտեղ տիեզերքը կդառնա մեր կյանքի մի մասը, և այդ առաքելությունը կվերափոխի մարդկությունն առավել, քան երբևէ»,- ասաց «Skyroot Aerospace» ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը: 

«Բազումք» կազմակերպությունը ստեղծվել է 2020 թվականին։ Այն հիմնադրել են գլխավոր տնօրեն, աստղագետ Ավետիք Գրիգորյանը, Վաչիկ Խաչատրյանը, Տիգրան Շահվերդյանը և խորհրդի անդամ, ինչպես նաև տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։ Մինչ այդ, Ավետիք Գրիգորյանը 1988 թվականին հիմնադրել և ղեկավարել է «AYAS» տիեզերագիտական ակումբը, որը հետագայում դարձել է տիեզերագիտական ընկերություն և գործում է առ այսօր։

Զուգահեռաբար աշխատել են նաև Հայաստանի համար տիեզերական ռազմավարության փաստաթղթի նախնական տարբերակի մշակման վրա։ 2021 թվականին իրականացրել են երկու բարեհաջող թռիչք դեպի ստրատոսֆերա, որի ընթացքում ընկերությունն իր կողմից մշակած հետազոտական սարքը օդապարիկով արձակեց ստրատոսֆերա՝ մինչև 30 կմ բարձրություն՝ բերելով մթնոլորտային պայմանների և թռիչքին վերաբերող բոլոր գրանցված տվյալներն ու նկարահանված տեսանյութերը:

Հնդկական «Skyroot Aerospace» ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին: Կազմակերպության կողմից թողարկված «Vikram S»-ը Հնդկաստանի մասնավոր առաջին հրթիռն է, որը տիեզերք արձակվեց 2022 թվականի նոյեմբերի 18-ին: Ընկերության հիմնական ներդրողներից մեկն էլ ամերիկահայ Ռազմիկ Հովակիմյանն է, ով ավարտել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանը և մեծապես հետաքրքրվում է տիեզերական ուսումնասիրություններով:

  • Կիսվել: