երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններում ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններում ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել

Ipsos Talan սոցիոլոգիական գործակալության տվյալներով, կիրակի օրը երեկոյան ժամը 18-ից անմիջապես հետո ֆրանսիացի ընտրողների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին գնահատվել է 65,5%, հաղորդում է France 24-ը:

Սա փոքր-ինչ ցածր է նախնական 67,5% գնահատականից, բայց, այնուամենայնիվ, զգալիորեն գերազանցում է 2022 թվականին գրանցված մասնակցությունը, որը կազմում էր 47,5%։

Ֆրանսիայի ընտրողների բացառիկ բարձր մասնակցությունը, որը ամենաբարձրն է 1986 թվականից ի վեր, վկայում է, որ ֆրանսիացի ընտրողները «հատկապես ոգևորված են» և ապացուցում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նշանակված արտահերթ ընտրությունները «բացառիկ են», նշում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ընտրողները ողջ աշխարհում մասնակցել են կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին, որը կարող է Ֆրանսիայի կառավարությունը հանձնել ազգայնական, ծայրահեղ աջ ուժերին։

Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, ունի 577 մանդատ։

Իրենց ընտրատարածքներում ձայների մեծամասնությամբ թեկնածուներն ընտրվում են առաջին փուլով։ Սովորաբար, ոչ մի թեկնածու չի համապատասխանում այս չափանիշներին, և անցկացվում է երկրորդ փուլը, որը նախատեսված է հուլիսի 7-ին:

Երկրորդ փուլին մասնակցելու համար թեկնածուները պետք է առաջին փուլում ստանան գրանցված ընտրողների առնվազն 12,5%-ի քվեն։

Մակրոնը արտահերթ ընտրություններ է նշանակել այն բանից հետո, երբ իր «Վերածնունդ» կուսակցությունը հունիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում պարտվել է «Ազգային միավորմանը»։

Հարցումները ցույց են տալիս, որ «Ազգային միավորումը» աջակցություն է հավաքում և հնարավորություն ունի ստանալ խորհրդարանական մեծամասնությունը: Ակնկալվում է, որ նման սցենարի դեպքում Մակրոնը «Ազգայինմիավորման» նախագահ, 28-ամյա Ջորդան Բարդելային կնշանակի վարչապետ՝ իշխանության բաժանման անհարմար համակարգի շրջանակում, որը հայտնի է որպես «համակեցություն»:

  • Կիսվել: