Հունաստանում առգրավել են 35 կեղծ նկար, որոնք փորձել են վաճառել 1,7 մլն եվրոյով
Քննության վարկածով, կասկածյալները փորձել են դրանք վաճառել որպես հույն և օտարերկրյա հայտնի նկարիչների բնօրինակ աշխատանքներ՝ ընդհանուր 1,7 մլն եվրոյով։
Շաբաթ օրը Աթենքում ձերբակալել են 44-ամյա մի տղամարդու։ Երկրորդ կասկածյալը՝ 49-ամյա ուղղափառ վարդապետը, որը, լրատվամիջոցների հաղորդմամբ, ծառայում է ԱՄՆ նահանգներից մեկում, դեռ հետախուզվում է։ Ոստիկանության տվյալներով, հոգևորականը նկարների վաճառքը կազմակերպել է խոշոր առցանց հարթակի միջոցով՝ օգտագործելով «Իոաննիս» անունով օգտահաշիվը։
Քննությունը սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ հույն էքսպրեսիոնիստ նկարիչ Գեորգիոս Բուզիանիսին վերագրվող երկու նկարի վերաբերյալ բողոքից հետո։ Աշխատանքները համացանցում վաճառքի էին հանվել իսկությունը հավաստող վկայականներով։ Բողոքը ներկայացրած արվեստի մասնագետը կասկածել է, որ նկարները կարող են կեղծ գործերի պատրաստման և վաճառքի ավելի լայնածավալ սխեմայի մաս լինել։
Տղամարդուն ձերբակալել են Աթենքի «Ամբելոկիպի» մետրոյի կայարանի մոտ, երբ նա, ենթադրաբար, պատրաստվում էր վեց նկար վաճառել 5150 եվրոյով։ Նա ոստիկանությանը հայտնել է, որ աշխատանքները վերցրել է երկրորդ կասկածյալից, որի հետ ծանոթ է եղել 2014 թվականից։
Կասկածյալների տներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են 35 նկար, 2750 եվրո կանխիկ գումար, 97 ոսկե սովերեն, չորս ֆրանսիական ոսկեդրամ և երկու թանկարժեք քար։
Առգրավված աշխատանքներն ուսումնասիրած արվեստաբանն ու գեղարվեստական քննադատը եզրակացրել է, որ դրանցից ոչ մեկը բնօրինակ չէ։ Նկարների և իսկությունը հավաստող վկայականների լրացուցիչ փորձաքննությունը կանցկացնի դատարանի նշանակած մասնագետը։
Երկու տղամարդկանց էլ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում արվեստի կեղծ գործերի ապօրինի առևտրի, ծանրացուցիչ հանգամանքներում խարդախության և հեղինակային իրավունքների խախտման համար։
Քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը պարզում է ենթադրյալ սխեմայի ծավալները և այն, թե արդյոք դրանում կարող էին ներգրավված լինել այլ անձինք։



