Իշխանությունն իմացել է, որ մեզ սպառնում է պատերազմ, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել. Տիգրան Աբրահամյան
Զինված ուժերի կազմաքանդման գործընթացի սկսվել է շատ ավելի վաղ, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ ՀՀ-ում իշխանության եկավ այս որակի իշխանություն: Այս մասին, այսօր Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«ՊՆ-ի կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ 2018-ին ՊԲ հրամանատարի պաշտոնից սեփական ժողովրդի ազգային ազատագրական պայքարը պաշտպանելու համար պաշտոնից հեռացվեց Լեւոն Մնացականյանը: Բանակի կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ զինվորականների համար ստեղծվեցին այնպիսի պայմաններ, որ մարդիկ թքեն եւ ուղղակի դուրս գան:
Մեր խնդիրներն սկսվել են այնտեղից, որ քաղաքական իշխանությունը տիրապետելով տեղեկատվության, որ ՀՀ-ի եւ Արցախի ուղղությամբ առկա է լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեծ սպառնալիք, երկիրը խաղաղից պատերազմական իրավիճակի չեն բերել: ԶՈՒ-ն ամբողջությամբ պատրաստ չի եղել Ադրբեջանի հարվածին»,-ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատերազմից առնվազն 2 օր առաջ հետախուզությունը ստացել է տեղեկատվություն, որ առկա է լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիք, եւ այդ պայմաններում զինված ուժերը լիարժեքորեն չեն բացազատվել: