հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրել է մեքենան, որի մեջ 18 մարդ է եղել. 9-ամյա տղան պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել Հայաստանում

Հրել է մեքենան, որի մեջ 18 մարդ է եղել. 9-ամյա տղան պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել Հայաստանում

9-ամյա Մուկուչ Հախվերդյանը, որն իր տարեկիցների շրջանում աչքի է ընկնում արտասովոր ուժեղությամբ, մի քանի օրից Հայաստանում պատրաստվում է սահմանել ուժային նոր ռեկորդ։

։ Տղան գրանցված է «Դյուցազնագիրք» կոչվող Հայաստանի ռեկորդների, արտասովոր ունակություններով օժտված ռեկորդակիրների մասին տեղեկատու գրքում:
 
Մոտ երկու տարի առաջ Մուկուչը միայնակ հրել է «Ֆորդ տրանզիտ» մեքենա, որի մեջ 18 մարդ է եղել, սակայն, 9-ամյա տղայի խոսքով, քաշի առումով մարդկանց 17 հոգի է հաշվում: «17 եմ հաշվում, որովհետեւ մեքենայի մեջ շա՜տ նիհար, թեթեւ աղջիկ կար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
 
Նոր ռեկորդ սահմանելու վերջնական որոշումն այսօր է կայացրել: Սպորտդահլիճում փորձել է, հայրը ժամ է պահել, հաջողվել է:
 
«3 կիլոգրամ գիրով ձգումներ եմ անելու ու նոր ռեկորդ սահմանեմ»,- ասում է տղան:
 
Օգնության գալով որդուն՝ Մուկուչի հայրը բացատրում է՝ տղայի յուրաքանչյուր ձեռքում լինելու է 3 կիլոգրամանոց գիր, արմունկից ծալելու է դեպի վերեւ եւ իջեցնի: Յուրաքանչյուր ձեռքով՝ 750 հատ: «Աշխարհի ռեկորդը եղել է 1333 հատ 18 րոպե 43 վայրկյանում: Ինքն էլ 19 րոպե 30 վայրկյանում անում է 1500 հատ»,- ասում է հայրը՝ Մայիս Հախվերդյանը:
 
Հարցին՝ ե՞րբ ու ինչպե՞ս են նկատել տղայի ուժը, Մայիս Հախվերդյանը հիշում է՝ մի անգամ «Յութուբ»-ով տեսանյութ են դիտել որդու հետ, նկատել, թե ինչպես է չինացի երեխան, փոքր չափի մեքենան հրելով, առաջ տանում: Որդին հորն ասել է, որ ինքն էլ կարող է մեքենա հրել:
 
«Ասացի՝ տղե՛ս, դու չես կարող, պնդեց, որ կարող է, 5 տարեկան էլ չկար. դուրս եկանք, ձեռքերը դրեց եղբորս մեքենային՝ «Քեմրի» մակնիշի, սկսեց վազել: Տարանք, նկարեցին, «Դյուցազնագրքում» էլ գրանցվեց հենց այդ ժամանակ: Հետո արդեն՝ 2 տարի առաջ, մեծ մեքենան՝ «Ֆորդ Տրանզիտ»-ը՝ 3 տոննա 750 քաշով՝ մարդկանց հետ՝ 12 մետր հրելով՝ տարավ»:
 
Հարցին՝ պատրա՞ստ է մի քանի օրից էլ նույնը կրկնել, Մուկուչն ասում է՝ իհարկե, պատրաստ է, բայց միեւնույն ժամանակ անկեղծանում է, որ տեսախցիկներից լարվում է. «Երբ կամերաները գան, չգիտեմ, թե ինչ կլինի: Երկու տարի առաջ փոքր էի դեռ, այդ ժամանակ 2,5 կիլոգրամով էի նույն բանն անում, ինչ անելու եմ ուրբաթ օրը: Ամեն ձեռքով 2600 հատ ձգում արեցի: Այդ ժամանակ հայրիկը նկարում էր՝ ես դրանից լարվում էի, ինձնից անկախ՝ մարմինս քոր էր գալիս, չէի կարողանում քորել ու քրոջս օգնությանն էի դիմում»,- պատմում է 9-ամյա տղան:
 
Մուկուչը նաեւ ասում է՝ փորձելու է այնպես անել, որ աշխարհում ոչ ոք իր տարիքայիններից չանցնի ռեկորդով: Մուկուչ Հախվերդյանը նաեւ ըմբշամարտով է զբաղվում: Տեսնելով եւ լսելով Մուկուչի ուժային ռեկորդները՝ տղայի տարեկիցներից ոչ ոք չի ցանկանում մենամարտել նրա հետ:
 
Հետաքրքրվում ենք, թե ազատ ժամանակ ինչո՞վ է զբաղվում, ունի՞ ընկերներ, որոնց հետ բակային խաղեր է խաղում, տղան պատասխանում է. «Նախկինում շատ ընկերներ ունեի, այժմ շատերը այստեղ չեն: Հիմա մենք 8 ընկեր ենք ու միասին շատ ենք սիրում ֆուտբոլ խաղալ»:
 
9-ամյա տղայի խոսքով՝ ըմբշամարտն իր զբաղմունքներից ամենաշատն է սիրում, իսկ խելացի լինելու համար որոշել է ծրագրավորող դառնալ:
 
Մուկուչը 5-րդ դասարան է փոխադրվել, հարցին՝ լա՞վ է սովորում, պատասխանում է՝ գերազանցիկ չէ եւ շտապում պատմել վատ սովորելու, դրա պատճառով իր կրած պատժի մասին. «Դասերիս քիչ էի ուշադրություն դարձնում, հայրիկը ջղայնացել է ու թույլ չի տալիս, որ ըմբշամարտով զբաղվեմ, բայց ես խոստացել եմ, որ սեպտեմբերից լավ եմ սովորելու, որպեսզի կարողանամ կրկին իմ սիրած սպորտով զբաղվել»:
 
Տղայի ցանկությունն է ամբողջ աշխարհում ամենաուժեղը լինել այս սպորտաձեւում. «Ես ավելի շատ հայրիկի հետ եմ այդ մասին խոսում, բայց երբեմն մայրիկի հետ էլ եմ խոսում: Մայրիկը միշտ ասում էր, որ շատ ծանր քաշ չբարձրացնեմ՝ ինձ վնաս կտամ, բայց հայրիկը նրան ասում էր, որ ես կարող եմ»:
 
Խոսելով նպատակների ու ցանկությունների մասին՝ նշում է՝ ուզում է բանակում ծառայել. «Իմ հայրիկը 17 տարի ծառայել է, եղել է սպա: Ես էլ եմ ուզում զինվորական լինել»:
 
Հարցին՝ մտածե՞լ է՝ ինչպես է ստացվել, որ ինքը ուժեղ է իր տարեկից ընկերներից, Մուկուչը, նախ, շտապում է ուղղել, որ ընկերներն էլ են ուժեղ, ապա հավելում. «Իմ հորեղբոր որդին Հայաստանի կրկնակի չեմպիոն է ըմբշամարտի, պապիկիս եղբայրն էլ է ըմբշամարտի չեմպիոն եղել»:

  • Կիսվել: