ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող միջոցառում՝ Կոտայքի մարզի ճամբարներում

Հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող միջոցառում՝ Կոտայքի մարզի ճամբարներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի, Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների հետ մանկական ճամբարներում հանգստացող երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։

Դրանց նպատակը հրդեհային անվտանգությանն առնչվող անհրաժեշտ գիտելիքներով զինված ու տեղեկացված լինելուն նպաստելն է։

Հուլիսի 26-ին առաջին միջոցառումն անցկացվեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Հանքավան գյուղում գործող մի շարք ճամբարներում։

Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները ճամբարներում հանգստացող 7-13 տարեկան երեխաներին առարկայական օրինակներով իրազեկեցին անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման աղբյուրների, հրդեհները կանխարգելելու, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, հրդեհի դեպքում կատարվելիք անհրաժեշտ գործողությունների, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակների վերաբերյալ։

Ճամբարական երեխաները թեմայի շուրջ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ՔՏՀԱՏՄ աշխատակիցներին և ստացան ուսանելի ու սպառիչ պատասխաններ։
Նշենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը նմանատիպ տեղեկատվական-քարոզչական միջոցառում կանցկացնի նաև Լոռու մարզի ճամբարներում։

 

  • Կիսվել: