ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բախվել են Mercedes-ը, Lexus-ն ու մարդատար ГАЗель-ը. կան վիրավորներ, ժամանել է Երևանի ՃՈ պետը, օգնության են հասել ՊՊԾ ոստիկանները
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վիգեն Զիրոյանի վարած Mercedes ե 350 մակնիշի 01 VM 002 համարանիշի, 56-ամյա Հովիկ Ալեքսանյանի վարած Lexus RX 350 մակնիշի 01 XX 107 համարանիշի և 37-ամյա Էդգար Ոսկանյանի վարած մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկրարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն ու նույն գումարտակի 0205 պարեկայինի աշխատակիցները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ բոլորը եղել են սթափ, իսկ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:



