կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀԲԸՄ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

ՀԲԸՄ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Հայկական բարեգործական ընդհանուր միություն նախագահ Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը հունիսի 2-ին ՀԲԸՄ անդամների, բարեկամների և գործընկերների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել 2020թ. Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։

«ՀԲԸՄ երիտասարդությունը ներկայացված էր ի դեմս ՀԲԸՄ-ի սկաուտների, Երիտասարդ արհեստավարժների և Հայորդաց տների սաների:

Նրանք մասնակցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մատուցված հիշատակի արարողությանը. մի վայր, ուր հանգչում են բազմաթիվ հերոս ազատամարտիկներ և զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոգեհանգստյան կարգ է կատարել՝ ներկաներին կոչ անելով միանալ իր աղոթքին և խնդրել Տիրոջը, որ մեր հերոսների հոգիները խաղաղության մեջ պահի և նրանց ընտանիքներին շնորհի ուժ վիշտը հաղթահարելու համար:

ՀԲԸՄ-ից հայտնում են, որ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհել պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների շիրիմներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ կառույցների անունից, որոնք սգում են կորսված մարդկային կյանքերը՝ վերահաստատելով իրենց միասնությունն ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ ազգը հավերժ պարտական կմնա Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր տղաներին և աղջիկներին, և նրանց հիշատակը ամենուրեք վառ կմնա հայերի սրտերում և մտքերում:

  • Կիսվել: