երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է․ Գառնիկ Դանիելյան

Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է․ Գառնիկ Դանիելյան

Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր այս օրերին իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այս օրերին դեղորայքով, հացով, սնունդով գալիս են ու աջակցություն հայտնում պայքարի բոլոր մասնակիցներին»,- ասաց նա։

Դանիելյանը խոսք ուղղեց նաև քաղբանտարկյալներին. «Աջակցության, զորակցության խոսք ենք հայտնում քաղբանտարկյալներին, որոնք իրենց խոսքը բարձրացնելու համար անազատության մեջ են, Տավուշի եղբայրներին, որոնք բռնության են ենթարկվել այս օրերին ու անազատության մեջ են։

Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է»։

Գ.Դանիելյանն  արձագանքելով տարբեր խոսակցություններին՝ ասաց. «Սա մաքուր հայկական, ազգային սրտով հոգով, էությամբ շարժում է, սպասարկում է մեր ազգային ու պետական շահերը։
Մարդիկ խառնվել են իրար, որովհետև միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական տարբեր խոսքերի, կուսակցությունների ներկայացուցիչների մեկ նպատակի շուրջ՝  հայրենիք, պատիվ ունենալու շուրջ։ Մեր նպատակը մեկն է՝ ունենալ խաղաղ, արժանապատիվ Հայաստան և ունենալու ենք։

Մենք մեր տունը կարգի բերելու խնդիր ունենք, երբ կարգի բերենք այդ ժամանակ խաղաղություն, արժանապատվություն կլինի, հարևանների հետ համակեցություն կարող ենք ունենալ»։

Գ.Դանիելյանն ասաց, որ այս օրերի ընթացքում դրսևորել են բացառիկ համերաշխություն՝ թե կուսակցությունների, թե քաղաքական տարբեր ուժերի միջև։

«Այսօր մեր առջև խնդիր է  դրված՝ լինել «Արևմտյան Ադրբեջա՞ն», թե՞ Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը»,- ասաց նա։

  • Կիսվել: