Հանրային քննարկման են դրվել սոցիալական աջակցության մասին և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը
Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքների մակարդակում հիմքեր կդրվեն հետևյալ նպատակներն իրականացնելու համար՝
սոցիալական աջակցության ոլորտում հիմնական սոցիալական ծառայությունների տեսակների ընդլայնում,
հրատապ արձագանքին պատրաստ և առավել ճկուն սոցիալական աջակցության մեխանիզմների հնարավորություն,
սոցիալական աջակցության հասցեականության և արդյունավետության բարձրացում,
սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և տրամադրող անձնակազմի մասնագիտական կարողությունների նշաձողերի սահմանում,
սոցիալական աջակցության ոլորտում մինչ օրս արձանագրված այլ խնդիրների լուծում։
Ըստ աղբյուրի՝ այս նպատակներով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակում՝
հստակեցվել է օրենքի առարկան․ մի շարք հիմնարար հասկացություններ վերասահմանվել են միջազգային ընդունված տերմինաբանությանը համահունչ,
վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները,
սահմանվել են սոցիալական ծառայությունների նոր հիմնական տեսակներ (ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում կամ փոխհատուցում, սոցիալական պատրոնաժ և այլն), ինչպես նաև գործող տեսակներն ընդլայնվել են (բնաիրային և կենցաղային օգնություն, կացարանով ապահովում, սոցիալ-վերականգնողական օգնություն և այլն),
սոցիալական աջակցության ծառայությունների համար որպես նոր մեխանիզմ սահմանվել է աջակցության քարտի տրամադրման հնարավորությունը,
սահմանվել են սոցիալական աջակցության ոլորտի առանձին ծառայությունների որակի չափորոշիչներ սահմանելու, դրանց մոնիթորինգի, գնահատման և վերահսկման լիազորությունները,
բարելավվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացման կառավարման համակարգը,
սահմանվել են սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, վերանայվել են նրանց իրավունքները և պարտականությունները, սահմանվել է մասնագիտական կանոնագրքի մշակման պահանջ, ինչպես նաև մասնագիտական նշաձողի պահանջ՝ հավաստագրման միջոցով։
Նշվում է, որ նախագծերի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3PE9ptV
«Ձեր դիտարկումներն ու առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը:
Ակնկալում ենք հատկապես մասնագիտական համայնքի և շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունն ու փորձագիտական ներգրավվածությունը փաթեթի հնարավոր լրամշակման գործում: Նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ և հանրային քննարկումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- հայտնում են ԱՍՀ նախարարությունից։


