հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակահամաճարակային նորմերի պահպանման պատկերն անհամեմատ բարելավվել է. ՍԱՏՄ

Հակահամաճարակային նորմերի պահպանման պատկերն անհամեմատ բարելավվել է. ՍԱՏՄ

Արտակարգ դրության հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դիմանիկան ցույց է տալիս, որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսվարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ թերացում է՝ ոչ թե խախտում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Տնտեսվարողների մոտ արդեն ձևավորվել է ՀՀ պարետի որոշումներին հետևելու սովորություն, ինչի ապացույցն այսօր Գյումրի և Արթիկ քաղաքներում սննդի ոլորտը վերահսկող մարմնի կողմից անցկացված ուժեղացված ստուգումն ու կրկնայցերն էին: Շիրակի մարզի այդ երկու քաղաքների խանութներում, սննդամթերքի արտադրություններում և հանրային սննդի կետերում տեսչական մարմնի մանրակրկիտ դիտարկումները խախտումներ չեն հայտնաբերել:

Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր կասեցվել է մոտ երկու տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ «Օլ այզ օն մի» հուկա-սրճարանի, գործունությունը դադարեցվել է 72 ժամով. այստեղ չեն պահպանել նարգիլե օգտագործելու վերաբերյալ սահմանված արգելքը:

Չթուլացնել զգոնությունը, խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը. սա է համավարակի շուտափույթ հաղթահարման գրավականը, որին էլ հետամուտ է ՍԱՏՄ-ն՝ իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում:

  • Կիսվել: