հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանում մսի առևտրի կետերում ստուգումների թիվն աճել է. Պետրոսյան

Հայաստանում մսի առևտրի կետերում ստուգումների թիվն աճել է. Պետրոսյան

Հայաստանում մսի առեւտրի կետերում ստուգումների թիվն աճել է, խախտումների թիվը՝ նվազել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2025թ․ արդյունքները, ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «2025թ․ իրականացվել է 5 301 համաճարակաբանական մոնիթորինգային այց, որոնցից 4 515-ը՝ մսի իրացման կետերում, 786-ը՝ սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում եւ կաթի ընդունման կետերում»։

Ըստ Պետրոսյանի՝ խախտումների նվազումը պայմանավորված է իր գերատեսչության հաջող աշխատանքով։ «Մոնիթորինգը եւ վերահսկողությունը շարունակական կլինեն»,-ասաց նա:

Տեսչական մարմնի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ 2025թ․ հայտնաբերվել է 314 խախտում, որոնցից 265-ի դեպքում սուբյեկտները ենթարկվել են վարչական տույժերի։

Նա նաեւ հայտնեց, որ մսի իրացման կետերում գրանցված խախտումների դեպքերում առգրավվել եւ ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։

Խոսելով սպանդանոցների մասին՝ Պետրոսյանն ասաց, որ 2024թ․ դրանց թիվը կազմել է 139, իսկ 2025թ․՝ 128:

«Չնայած սպանդանոցների թվի կրճատմանը, փաստացի մորթվել է 31 հազար տոննա, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր է»,-նշեց նա:

  • Կիսվել: