Գյումրիում ծեծի ենթարկված երեխան ունի գլխուղեղի բարդ տրավմա, ուղեղի այտուց, քթի բազմակի ոսկորների կոտրվածք. Բժիշկները՝ Երևան տեղափոխված երեխայի մասին
Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը այս գիշեր ռեանիմոբիլով Գյումրիից տեղափոխվել է Երևան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին, այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը:
Նրա ներկայացմամբ, աղջնակն ունեցել է պոլիտրավմաներ, բազմակի սալջարդ կատարվել են անհրաժեշտ բոլոր բժշկական միջամտությունները:
«Քիչ առաջ երեխային կատավել է կոմպյուտերային կրկնակի տոմոգրաֆիա, որը հաստատել է, որ երեխան ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի բարդ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի բազմակի ոսկորների կոտրվածք, կողերի կոտրվածք, մարմնի բազմակի սալջարդներ, հեմատոմաներ», - ներկայացրեց Դալլաքյանը՝ ընդգծելով, որ երեխայի համար հիմա արվում է համալիր բուժում:
Հարցին, թե կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, ի պատասխան բժիշկն ասաց, որ գանգուղեղային տրավման շատ լուրջ բան է և մտահոգվելու տեղիք է տալիս: Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը դժվարացավ այս պահին որևէ կանխատեսում անել:
«Մենք վատացում չունենք, բայց ընդհանուր վիճակը պետք է գնահատել որպես ծայրահեղ ծանր: Կա որովայնի սալջարդ և գլխուղեղի սալջարդ, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար», - նշեց Չոբանյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա երիտասարդը դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել էր և նրա դստերը։ Հանցագործը նույն օրը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: Ըստ լուրերի 28-ամյա սադիստը 43-ամյա սպանված կնոջ զուգընկերն էր։