երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ֆիզգորոդոկի» 2 բնակիչ հացադուլ է հայտարարել

«Ֆիզգորոդոկի» 2 բնակիչ հացադուլ է հայտարարել

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում կրքերը չեն դադարել, եւ բնակիչների պնդմամբ, ապօրինի շինարարությունը շարունակվում է, իսկ երկու բնակիչ՝ Հայկ Հարությունյանը եւ Կարեն Ամիրխանյանը հացադուլ են հայտարարել: Այս մասին գրում է Aravot.am-ը։

«Շինարարությունն այստեղ է կատարվում, հենց հուշարձանային համալիրի մեջ, այստեղ է աղճատվում: Մեր քաղաքապետարանի աշխատակիցները չեն գիտակցում, որ սա Հայաստանում արժեք ներկայացնող թաղամաս է, պատկանում է բոլորին, ոչ թե միայն բնակիչներին: Ու ԿԳՄՍ նախարարության փորձագիտական խումբը չունի փաստաթուղթ, որ այն հանված է հուշարձանների ցանկից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակչներից մեկը, որը Ասատրյան ներկայացավ:

Նրա խոսքով, կատարվածն ապօրինություն է. «Ոստիկանները մեզ ձերբակալում էին, բայց մենք պաշտպանում ենք հուշարձանային տարածքը, ու ձերբակալությունն ապօրինություն էր, որովհետեւ օրենքով տրված մեր լիազորություններն էինք կատարում»: Պարոն Ասատրյանը կարդաց նաեւ ԿԳՄՍ նախարարությունից իր նամակին տրված պատասխանը, որին կցված էին համապատասխան քարտեզ եւ արձանագրություն, որտեղ ասվում էր, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանում գտնվող շինություններին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ: Այս համատեքսում է, որ բնակիչները պահանջում են փաստաթղթեր համապատասխան գերատեսչությունների կողմից, որ թույլատրվում է հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացնելը:

«Ժողովրդի ընդվզումը հենց ոչ լիարժեք փաստաթղթերի հետ է կապված… Բոլոր խորհրդարանական ուժերը՝ ընդդիմադիր, թե դիմադիր, երբ գալիս ժողովրդից քվե էին ուզում, թող հասկանան, որ սա նաեւ իրենց տարածքն է ու վեր կենան, գան պաշտպանեն»,-ասաց գիտավանի բնակիչը: Գիտավանի մեկ այլ բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան Հայկ Հարությունյանը, որ հացադուլ է հայտարարել, լրագրողների հետ զրույցում ասաց, որ շինարարությունն իրականացվում է պետական հողի վրա. «Մենք չենք ընդունում, որ սրա սեփականության իրավունքը պատկանում է որեւէ մասնավոր անձի: Գոյություն ունի հողային օրենսգրքի 60-րդ հոդված, որտեղ ամրագրված է, որ բնակավայրերի հողամասերի, այգիների, ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ, որոնք գտնվում են բնակավայրերում եւ հանդիսանում են համայնքային կամ պետական սեփականություն, չի կարող ճանաչվել մասնավոր անձանց սեփականության իրավունքը:

  • Կիսվել: