հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում ավտոբուսների ուշացումները պայմանավորված են վարորդների արձակուրդներով և պահեստամասերի բացակայությամբ

Երևանում ավտոբուսների ուշացումները պայմանավորված են վարորդների արձակուրդներով և պահեստամասերի բացակայությամբ

Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վերջին շրջանում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների ավտոբուսների ուշացումների հետ կապված խնդրին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը նշեց, որ ավտոբուսների՝ ոչ հաճախ երթուղի դուրս գալը պայմանավորված է վարորդների արձակուրդներով և ավտոպահեստամասերի բացակայությամբ:

«Խնդիրը պայմանավոված է երկու հանգամանքով: Վարորդները, եղանակային պայմաններից ելնելով, արձակուրդում են, որը նրանց իրավունքն է: Երկորդը՝ սպասում ենք պահեստամասերի խմբաքանակի ներկրման, խոսքը վերաբերվում է հին ավտոբուսներին»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով ճիշտ չի լինի վարորդներին թույլ չտալ արձակուրդ մեկնել: «Նրանք օրվա կտրվածքով աշխատում են 12-14 ժամ և իրավունք ունեն տարվա մեջ մի քանի օր արձակուրդ վերցնել: Ամառային ամիսներին, որպես կանոն, ուղևորահոսքը որոշակի նվազում է, և դա այն միակ ժամանակահատվածն է, երբ հնարավոր է վարորդներին արձակուրդ տրամադրել»,-պարզաբանեց Գևորգյանը:

Գևորգյանն ընդգծում է, որ հնարավոր չէ բացակայող վարորդների շարքերը նոր վարորդներ ընդունելով համալրել: Քաղաքապետարանն առանց այն էլ դժվարանում է հիմնական աշխատանքի ընդունելու համար D կարգի վարորդներ գտնել: Խնդիրը փորձում են լուծել՝ ուղեգծում աշխատող մեքենաների՝ երթուղի դուրս գալու միջակայքերն օպտիմալացնելով:

«Մի ավտոբուսը կարող է գալ 15 րոպե միջակայքով, մյուսը՝ 25 րոպե, կփորձենք միջակայքերի միջև բալանս ապահովել: Բայց դա ևս մեզանից կախված չէ՝ ելնելով փողոցների ծանրաբեռնվածությունից»,- նշեց Տարոն Գևորգյանը՝ հավելելով, որ : խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում:

Անդրադառնալով պահեստամասերի խնդրին՝ նա նշեց, որ հին ավտոբուսների պահեստամասերի ներկրման խնդիր կա, սպասում են պահեստամասերի նոր խմբաքանակի ներկրմանը: Քաղաքապետարանից վստահեցրին՝ ամեն բան անում են, որ եղած իրավիճակի մեջ նվազագույնի հասցնեն քաղաքացիներին պատճառվող անհարմարությունը:

«Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը: Կարծում եմ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, և մենք նորից կվերադառնանք մեր հնարավորությունների սահմաններում եղած նորմալ սպասարկմանը»,- նշեցին քաղաքապետարանից:

  • Կիսվել: