շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բուհերը մինչև հեղափոխությունը սպասարկել են կոնկրետ իշխանություններին. «Ռեստարտ» նախաձեռնության անդամ

Բուհերը մինչև հեղափոխությունը սպասարկել են կոնկրետ իշխանություններին. «Ռեստարտ» նախաձեռնության անդամ

Մենք խոսում ենք, թե ինչ պետք է անել, ինչը լավ կլինի, որ անենք, ինչը չենք անում, բայց չի խոսվում՝ ինչը չի արվել: Այդ գնահատականից ամեն կերպ փորձում ենք խուսափել։ Այս մասին հայտարարեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նրա կարծիքով՝ պետք է հստակ գնահատական տրվի անցյալում կատարված սխալներին, քանի որ դառը գին վճարեցինք տարիների անփութության, էգոիզմի, ներխմբային շահերի սպասարկման, կոռուպցիայի և կաշառակերության շքահանդեսի համար:

«Բուհերը մինչև հեղափոխությունը սպասարկել են կոնկրետ իշխանություններին: Բուհերի ուղղվածությունն այդպես է եղել, դրա համար բուհը չի զարգացել, և գնահատվել է բուհում ոչ թե կրթությունը, այլ զոռբայությունը,- ասաց Պետրոսյանը՝ կարևորելով նաև բուհերում մոնիթորինգը: - Երբ մեկը մարդ է սպանում, նրան դատում են: Իսկ բուհը զրոյական մակարդակի հասցնելու համար ինչ-որ մեկը դատվե՞լ է, կամ սեփական գիտական գործունեություն չիրականացնելու, այլ բուհում կոֆեի ապարատ դնելու համար ինչ-որ մեկը դատվե՞լ է, կամ պատմությունն աղավաղելու համար որևէ մեկը դատվե՞լ է: Ոչ մեկը»,- ասաց նա: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի, կատարված սխալների համար մեղավորներին պատասխանատվության կանչելը ոչ թե վենդետա է, այլ՝ կարգուկանոնի հաստատում:

  • Կիսվել: