«Աստղիկ» ԲԿ-ն միջազգային հեղինակություն ունեցող ակրեդիտացիոն համակարգի կողմից սերտիֆիկացվել է․ Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության հերթական նիստին հայտարարեց, թե ի կատար է ածվում համակարգի զարգացման և քաղաքացիներին ոչ միայն հասանելի, այլև որակյալ բժշկական օգնություն տրամադրելու աշխատանքը:
«Մեր բժշկական կենտրոնները վերջին տարիներին նաև ներդրումներ են իրականացնում ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման, առանձին ծառայությունների ծավալների մեծացման, այլև հենց ստանդարտների բարելավման ուղղությամբ: «Աստղիկ» բժշկական կենտրոնը միջազգային բարձր հեղինակություն ունեցող GCI ակրեդատցիոն համակարգի կողմից արդեն սերտիֆիկացվել է, ինչը շատ կարևոր է: Սա ազդելու է ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի որակի չափանիշների բարելավման վրա, այլև ունի համակարգային էֆեկտ»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում մյուս բժշկական կենտրոններն էլ, նման գործընթացներով անցնելով, կբերալավեն որակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտող հարց տվեց՝ արդյո՞ք կարող են ասել, որ ՀՀ-ում կա միջազգային ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ իրականացնող կենտրոն, ինչին նախարարը դրական պատասխան տվեց:


