Արժեր հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադարեցնել դրամահավաքը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Նարինե Ոսկանյանը` «Պաուզա Անոն», սրտի շտապ վիրահատության կարիք ունի։
Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեց իրեն աջակցելու կոչին արձագանքելու համար։
Նարիեն Ոսկանյանը հայտնեց, որ ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը վիրահատության ամբողջ գումարը փոխանցել է իրեն։
Բացի այդ, դերասանուհին տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ հետ կապ է հաստատել նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, և ասել, որ նույնպես ուղարկել է վիրահատության գումարը:
«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` աղջիկ ջան, քեզ գումար է պետք, վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք: Էդ փողը ես նվիրում եմ քեզ և հետ չեմ վերցնելու։ Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց Նարինե Ոսկանյանը:
Դերասանը շնորհակալություն է հայտնել բոլորին, որոնք մասնակցել են դրմահավաքին և կոչ արեց այլևս իրեն գումար չուղարկեն:
«Իմ վիրահատությունից, հետվիրահատական շրջանից հետո որքան գումար մնա, ես դա, բնականաբար, տալու եմ հիվանդ, կարիք ունեցող ընտանիքի։ Դա միանշանակ է»,- ասաց նա։
Նարինե Ոսկանյանը կոչ արեց բոլորին այլևս գումար չփոխանցել. «Արժեր հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»։


