շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արդյունավետ և թափանցիկ գնումների գործընթացի կազմակերպում. վերապատրաստման դասընթացներ՝ Երևանի քաղաքապետարանում

Արդյունավետ և թափանցիկ գնումների գործընթացի կազմակերպում. վերապատրաստման դասընթացներ՝ Երևանի քաղաքապետարանում

Գնումների գործընթացն արդյունավետ կազմակեպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում՝ Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և բոլոր 12 վարչական շրջանների համանուն բաժինների աշխատակիցների համար: Դասընթացները վարել են աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատարը և ոլորտի հրավիրյալ մասնագետ, ով հանգամանալից ներկայացրել է էլեկտրոնային գնման գործընթացի բոլոր փուլերը:

Գնումների հնարավոր պլանավորում, գործընթացի կազմակերպում, պայմանագրի կնքում ու պայմանագրի կատարում և կառավարում. ընթացակարգը ներկայացնող գնումների վարչության պետի ժ/պ Իսկուհի Օսիպյանը նշել է, որ ոլորտի ցանկացած մասնագետի կարևոր խնդիրը շուկայի ճիշտ ուսումնասիրումն է, շուկային համապատասխան բնութագրի կազմումն ու, որ կարևոր է՝ բոլոր մասնակիցների համար հավասար և թափանցիկ մրցակցային դաշտի ապահովումը:

Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժ/պ Վարդանուշ Բոյախչյանը նշել է, որ նման ձևաչափով վերապատրաստումները ոչ միայն հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական գիտելիքները, այլև վեր հանել բոլոր այն խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում:

Համագործակցությունը ոլորտի մասնագետների հետ լինելու է շարունակական և ընդգրկելու է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ:

  • Կիսվել: