ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսվում է Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների քանակը կրճատել՝ դրանց մի մասը դարձնելով թվային

Նախատեսվում է Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների քանակը կրճատել՝ դրանց մի մասը դարձնելով թվային

Բարեփոխումներով առաջարկում ենք փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում եւ թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող եւ վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Օրինակ՝ եթե նոտարը վավերացնում է առքուվաճառքի պայմանագիրը, այդ դեպքում պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է Կադաստրի կոմիտե, այսինքն՝ այս դեպքում քաղաքացին ինքը չի ներկայացնելու տվյալ պայմանագիրը կոմիտեի գրասենյակ: Նախատեսվում է նաեւ էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային: Այսինքն՝ որոշակի դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով. ՍԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Աղոյանը՝ մարտի 21-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը: Նախատեսվում են նաեւ այլ փոփոխություններ:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

  • Կիսվել: