երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կադաստրի կոմիտեն խնդիր է դրել ծառայություններն առավելագույնս թվայնացնել՝ բացառելով քաղաքացի-պետական ծառայող հարաբերությունները

Կադաստրի կոմիտեն խնդիր է դրել ծառայություններն առավելագույնս թվայնացնել՝ բացառելով քաղաքացի-պետական ծառայող հարաբերությունները

Հայաստանի կադաստրի կոմիտեի գրասենյակներում կատարվել են դիմումներ գրելու ընթացակարգի փոփոխություններ։ Մասնավորապես, իրավաբանական անձինք, համայնքը կադաստրային գրասենյակներում դիմում գրելու հնարավորություն չունեն։  Կադաստրի կոմիտե դիմում կարող են ներկայացվել բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։  

«Կարող են կարծիքներ լինել, որ նման խիստ մոտեցումների համար դեռ շուտ է։ Մենք ամեն դեպքում գնացինք այդ քայլին և ապացուցվել է, որ մեր մոտեցումները ճիշտ են։ Այս փոփոխությունը մեզ թույլ տվեց կառավարելի դարձնել գրասենյակներում անընդհատ ձևավորվող հերթերը։ Իրավաբանական անձը, պետությունը, համայնքը որևէ էլեկտրոնային համակարգից օգտվելու խնդիր չունեն, այստեղ դժվարություններ չկան»,- հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Կոմիտեն սահմանափակել է նաև ֆիզիկական անձանց կողմից որոշ տեսակի դիմումների ներկայացման գործընթացը։ Դրանք այն տեսակի դիմումներն են, որոնք անձի խիստ նույնականացում չեն պահանջում։

«Որպես օրինակ ներկայացնեմ միասնական տեղեկանքը։ 2023 թվականի կեսերից միասնական տեղեկանքի դիմում հնարավոր է ներկայացնել միայն էլեկտրոնային համակարգով։ Այդ գործընթացը տևում է ընդամենը մեկ րոպե։ Վճարումները կատարվում են անկանխիկ։ Քաղաքացին կարիք չունի որևէ կետից տեղափոխվել կադաստրի գրասենյակ, այնտեղ հերթերի մեջ սպասել, հետո փաստաթղթերի ստացման համար ևս մեկ անգամ գալ Կադաստրի կոմիտե»,-ասաց Սուրեն Թովմասյանը՝ հավելելով, որ այս սահմանափակումները թույլ տվեցին կառավարել հերթերը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը վստահեցրեց, որ այսօր գրասենյակներում քաղաքացիներն առավելագույնը 10-15 րոպե են լինում հերթերում։

Կադաստրի կոմիտեն խնդիր է դրել ծառայությունները մաքսիմալ դարձնել թվային՝ բացառելով քաղաքացի-պետական ծառայող հարաբերությունները, ինչը կհանգեցնի պետական միջոցների խնայողության, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։  Սուրեն Թովմասյանը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտե հասցեագրված շուրջ 890 հազար դիմումից 35 տոկոսից ավելին ներկայացված է էլեկտրոնային համակարգի միջոցով։

«Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականի տվյալներով էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումների ներկայացման ցուցանիշը եղել է 3 տոկոս, ապա կարող ենք ասել, որ 35 տոկոս ցուցանիշը գոհացուցիչ է։ Թեպետ, կարող եմ ասել, որ 2019-ին ու 2023-ին կադաստրին հասցեագրված դիմումների թվաքանակը տարբեր է։ 2023-ին մենք սպասարկել ենք 890 հազար դիմում, նախորդ տարիների առավելագույն ցուցանիշը եղել է 2022-ին, երբ սպասարկվել է 770 հազար դիմում։ Այսինքն՝ մենք նույն աշխատակազմով, առանց հաստիքային միավորների ավելացման սպասարկել ենք 200 հազարից ավել դիմում։ Այստեղ մեզ օգնել է էլեկտրոնայնացման քաղաքականությունը»,-ասաց Սուրեն Թովմասյանը։

Կադաստրի կոմիտեն գործարկել է նաև բջջային հավելված, որտեղ ամփոփված են բոլոր ծառայությունները։ Քաղաքացիները կարող են բջջային հավելվածի միջոցով հեշտությամբ օգտվել կադաստրային ծառայություններից։  

  • Կիսվել: