շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի տարածքում երկու Սու-34 ինքնաթիռ ոչնչացնելու մասին

Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի տարածքում երկու Սու-34 ինքնաթիռ ոչնչացնելու մասին

Հունիսի 27-ի գիշերը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Ուկրաինայի զինված ուժերը և Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Մարինովկա օդանավակայանում ոչնչացրել են երկու ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ և վնասել ևս երկուսը, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով վերոնշյալ գործակալություններին։

Ինչպես հաղորդվում է՝ ինքնաթիռները հարձակման են ենթարկվել հեռահար անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Նշվում է նաև, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել օդանավակայանի տեխնիկական և շահագործման մասում, որը ռազմական օբյեկտի կարևորագույն ենթակառուցվածքն է։ Այնտեղ ինքնաթիռները պատրաստվում են թռիչքների, իրականացվում են դրանց ընթացիկ սպասարկման և վերանորոգման աշխատանքները։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սու-34-ները Ռուսաստանի մարտավարական ավիացիայի հիմնական ինքնաթիռներն են, որոնք հրթիռա-ռումբային հարվածներ են հասցնում ուկրաինական դիրքերին և բնակավայրերին։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերում դրանք դասակարգվում են որպես առաջնագծի կործանիչ-ռմբակոծիչներ։ Դրանք օգտագործվում են, մասնավորապես, կառավարվող ավիառումբեր նետելու համար, այդ թվում՝ պլանավորման և ուղղման մոդուլներով»,-ասված է Ուկրաինայի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: