երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարդասիրական արժեքների ջատագով միջազգային հանրությունից պահանջում եմ հասցեական դատապարտող հայտարարություններ. Թագուհի Թովմասյան

Մարդասիրական արժեքների ջատագով միջազգային հանրությունից պահանջում եմ հասցեական դատապարտող հայտարարություններ. Թագուհի Թովմասյան

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան ուղեկցվում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ ՀՀ տարբեր սահմանամերձ բնակավայրերի դպրոցների, բնակելի տների թիրախավորմամբ, որտեղ առհասարակ գտնվում են երեխաներ, կանայք, տարեցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Հատկապես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի այս սանձարձակ և հանցավոր վարքագիծը բացարձակ անթույլատրելի է և կոպտորեն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքները։

Ուստի մարդասիրական արժեքների ջատագով միջազգային հանրությունից պահանջում եմ հասցեական դատապարտող հայտարարություններ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության, օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի այս հանցագործության վերաբերյալ։ Միջազգային օղակները պարտավոր են օգտագործել ողջ գործիքակազմը՝ ի պաշտպանություն ագրեսիվ հարձակման ենթարկված ՀՀ-ի խաղաղ բնակչության իրավունքների, և, առհասարակ, միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքների։

Պաշտոնական տվյալներով արդեն իսկ քաղաքացիական երեք անձ ստացել է վիրավորում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով։Ստորև ներկայացված են Ադրբեջանի կողմից ՀՀ մի շարք բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների ապացույցները։

  • Կիսվել: