Մադուրոյին ու նրա տիկնոջը ևս չորս մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին հաստատել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ ներկայացված մեղադրանքների թարմացված տարբերակը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նրանց մեղադրում են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ։
Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Մեղադրյալներ Նիկոլաս Մադուրոն և Սիլիա Ֆլորեսը … դիտավորյալ և գիտակցաբար համաձայնության են եկել, միավորվել և համակարգել իրենց գործողությունները՝ օրենքի քողի ներքո մեկ այլ անձի … բարոյական և ֆիզիկական տառապանք պատճառելու նպատակով»։
Ըստ դատախազության՝ այդ գործողությունների նպատակներից մեկը եղել է «քաղաքական ընդդիմության ճնշումն ու պատժումը, այլակարծության ճնշումը, ինչպես նաև դավադրության մասնակիցների իշխանության և լիազորությունների պահպանումը»։
Մադուրոյին և Ֆլորեսին, բացի խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեղադրանքից, առաջադրվել է ևս չորս մեղադրանք՝ ավտոմատ հրազեն և պայթուցիկ սարքեր պահելու երկու մեղադրանք, թմրանյութերի մաքսանենգություն և «թմրանյութային ահաբեկչության նպատակով դավադրություն»։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին, ապա ձերբակալել և երկրից դուրս է բերել հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։
Հունվարի 5-ին նրանք ներկայացել են Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարան։ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ։ Մադուրոն և Ֆլորեսը մեղավոր չեն ճանաչել իրենց։
Վենեսուելայի նախագահի լիազորությունները ներկայում իրականացնում է Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր գործադիր փոխնախագահի պաշտոնը։



